Այդ մեծն Կոկո Շանելի թելադրած ոճի շնորհիվ էր, որ տիկնայք սկսեցին և մինչև օրս կրում են այդ կարճ նորաձև սանրվածքները, դասական կոստյումները, մարգարիտները, բաճկոնակները, ժակետները և այլն: Միշտ տեղին է աչքի անցկացնել և վերհիշել նրա անփոխարինելի խորհուրդները, որոնք միտված են ընդգծել կանացի նրբաճաշակությունը:
Կոկո Շանելը փոխեց նորաձևության աշխարհը` լցնելով կանացի զգեստապահարանը նրբաճաշակությամբ և գործնականությամբ:
Շանելը ծնկները համարում էր կանացի մարմնի ամնեատգեղ հատվածը, այդ պատճառով իր բոլոր մոդելներում թաքցնում էր դրանք շրջազգեստի կամ տաբատների մեջ: Հիմա այդ չափը համարվում է դասական:
Իր ժամանակին, Գաբրիել Բոնյորը, այդպես էր դիզայների իրական անունը, առաջիններից մեկն էր, որ կարում էր կանացի տաբատներ: Նա ինքը ձևափոխում և կրում էր տղամարդու տաբատներ: Դրանց առավելությունն այն էր, որ թույլ էին տալիս կանանց ավելի արագ քայլել և հարմարավետ նստել: Երեկոյան զբոսանքների համար Շանելը ստեղծեց հանրահայտ լայն տաբատները:
Կոկոն աքսեսուարների մեծ երկրպագու էր և իր բոլոր կերպարները լրացնում էր բազմաթիվ աքսեսուարներով: Նրա հավաքածույի մեջ առկա էին ինչպես թանկարժեք մարգարիտներ, ռուբիններ, զմրուխտներ, այդպես էլ սովորական բիժուտերիաներ, որոնք նա հեշտորեն համակցում էր թանկարժեք քարերի հետ: Շանելը սիրում էր նաև կրել փորագրված գունաքարերով բրոշներ, որն էլ հետագայում դարձավ նրա ապրանքանիշի տարբերանշանը:
Հանրահայտ սև շղթայավոր պայուսակները, որոնք մտածված են Շանելի կողմից 30-ականներին, համարվեցին շատ պրակտիկ և հիանալի լրացնում էին գործնական կնոջ կերպարը: Այդպիսի պայուսակները հեշտ էր ուսին կրելը, չէին ընկնում ուսից, իսկ ձեռքերի համար մնում էր ազատ տարածություն:
Պայուսակի մգդակած կաշվե տարբերակը հայտնվել է 1955 թվականին, նոր կյանք առել 2005-ին Կարլ Լագերֆելդի շնորհիվ:
Իր սեփական ստեղծագործություններում նա հաճախ էր դիմում սևի և սպիտակի համադրությանը: Շանելի առաջարկած սև զուգագուլպայով սպիտակ կոշիկների հանրահայտ տարբերակը համարվում է դասական:
Ինքը` Գաբրիոլը, կարծում էր, որ սև գույնը վիզուալ փոքրացնում է ոտքի չափսը:
Այս կանոնը իրենից ներկայացնում էր Կոկո Շանելի ոճի հիմքը: Հենց դա հանեց սև գույնը սգի շրջանակներից` դառնալով առօրյա և ունիվերսալ: Շանելի կարծիքով յուրաքանչյուր կին իր զգեստապահարանում պետք է ունենա փոքրիկ սև զգեստը, որը ճիշտ աքսեսուարների կիրառման դեպքում կարելի է կրել և՛ առօրյայում և՛ երեկույթներին:
Կոկո Շանելը ստեղծեց ամենահայտնի բույրերից մեկը: Կայուն և յուրահատուկ ծաղկային բույր` ուժեղացված ալդեհիդներով, փաթեթավորված բավականին զուսպ, քառակուսի սրվակում:
«Օծանելիքը անտեսանելի, բայց անմոռանալի ու անգերազանցելի աքսեսուար է: Այն տեղեկացնում է կնոջ հայտվելու մասին և շարունակում հիշեցնել նրան, երբ արդեն գնացել է»,- ասում էր Կոկո Շանելը: