Հետաքրքիր փաստեր աշխատավարձի մասին

9/1/2016 1608 դիտում ID # 10965247
Փաստեր
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

Պարզվում է, որ գոյություն ունի անարժան կերպով բարձր աշխատավարձերի վարկանիշային աղյուսակ: Առաջին հորիզոնականը զբաղեցնում են անշարժ գույքի գործակալները:
Հանրաճանաչ կապիտալիստ Հենրի Ֆորդը պատմությանը հայտնի է իր շռայլությամբ: Ընկերության հիմնադրումից 11 տարի անց նա բոլոր աշխատողների աշխատավարձերը կրկնապատկել է: Դրանից հետո նույն աշխատողներն իրենք են սկսել գնել Ֆորդի մեքենաները:
Մի անգամ Թոմաս Էդիսոնի գործարաններից մեկի աշխատավորները գործադուլ են հայտարարում՝ պահանջելով բարձրացնել աշխատավարձերը: Հնարամիտ գյուտարարը մի քանի հայտնագործություն է անում, որոնց շնորհիվ այդ աշխատավորների կարիքն այլևս չի զգացվում:
Աշխարհի ամենացածր աշխատավարձերը ստանում են ՄԱԿ-ի բարի կամքի դեսպանները: Ջերի Հոլիվելը, Սթինգը, Էլտոն Ջոնը, Մայքլ Դուգլասը, Սթիվի Ուանդերը, Լուչիանո Պավարոտին և շատ այլ աստղեր այդ պաշտոնի համար ստանում են տարեկան ընդամենը 1 դոլար:
Ճապոնիայում գործատուն զգալիորեն ավելացնում է աշխատակիցների աշխատավարձը, եթե նրանք ի վիճակի են աշխատանքը կատարել տանից: Այդ կերպ նա տնտեսում է օֆիսային տարածքների և աշխատատեղի համար պահանջվող մեծ գումարները:

Բրիտանական ընկերությունների աշխատակիցները գործընկերների աշխատավարձերի մակարդակի մասին հետաքրքրվելու իրավունք են ստացել: Այժմ գործատուները ստիպված են մանրամասն ներկայացնել աշխատակիցների աշխատավարձերի մասին տվյալները: Այնուամենայնիվ փորձագետները պնդում են, որ նման օրենքն աշխատանքային կոլեկտիվում վատ մթնոլորտ կձևավորի:
Անգլիայում կանայք տղամարդկանցից միջինը 17%-ով ավելի ցածր աշխատավարձ են ստանում, Ռուսաստանում՝ 26%-ով:
Գիտնականները հաշվարկել են աշխատավարձի բարձրացում պահանջելու լավագույն ժամանակահատվածը: Պարզվում է՝ յուրաքանչյուր շաբաթվա հինգշաբթի օրը, ցերեկային ժամերին 5 գործատուից 4-ը պատրաստ է քննարկել այդ հարցը: Այս եզրակացության եկել են հոգեբանները՝ ելնելով վիճակագրական տվյալներից:

Սուվորովն իր ողջ աշխատավարձը վերածում էր արծաթադրամների և ճակատամարտերից հետո դրանցով պարգևատրում աչքի ընկած զինվորներին: Վերջիններս արծաթադրամների մեջ անցքեր էին բացում և հպարտությամբ կրում կրծքին:
Եվրոպական շատ ընկերություններում և գրասենյակներում պատերին պաստառ է փակցված, որի վրա գրված է. «Հիշեʹք, աշխատավարձը ստանում եք հաճախորդներից»:
«Apple» ընկերության սեփականատերը հայտնի է աշխարհին իր լեգենդար աշխատավարձով՝ տարեկան ընդամենը 1 դոլար: Իհարկե տնօրենների խորհուրդը նրան ընկերության կայացման գործում ունեցած մեծ ներդրման համար տարեկան 70 մլն դոլար պարգևավճար էր հատկացնում:
«Ալիսը հրաշքների աշխարհում» գրքի հեղինակ Լյուիս Քերոլն իր գիրքը թողարկել է այն ժամանակների համար ահռելի մեծ տպաքանակով՝ 150 000 օրինակով: Դրանից հետո նա աշխատավայրի ղեկավարությանը խնդրել է նվազեցնել իր աշխատավարձը, քանի որ գրքից ստացված հասույթը լիովին բավարարում էր անհոգ ապրելու համար:
Մի անգամ Հոնկոնգի ավտոբուսների վարորդները որոշում են աշխատավարձի բարձրացում պահանջել: Հակառակ դեպքում նրանք սպառնում էին վարել՝ առանց ճանապարհատրանսպորտային որևէ օրենք խախտելու: Տեղական իշխանությունները, զգուշանալով քաղաքի փողոցների գերծանրաբեռնումից, որը խցանումների պատճառ կդառնար, բավարարում են վարորդների պահանջները:

Sample header

Մեդուզաների լիճ

WEB 365 8/24/2016