Իմ Երևանը զբոսաշրջիկների աչքերով

Իմ Երևանը չափազանցությունների քաղաք է՝ չափազանց հին և չափազանց նոր, աներևակայելի ջերմ և հյուրընկալ: Նա իր մեջ կրում է հայ ազգի բազմամյա պատմությունը՝ վայրէջքներն ու, իհարկե, վերելքները: Այստեղ կողք կողքի ապրում են մշակույթի և ճարտարապետության բոլոր ժամանակների լավագուն կոթողները:

6/10/2017 2483 դիտում ID # 33219413
Տուրիզմ
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

Ձեզ ենք ներկայացնում մի քանի վայր մեր վարդագույն քաղաքում, ուր խորհուրդ են տալիս այցելել արտասահմանյան լավագույն զբոսաշրջային կայքերը՝ tripadvisor.com, viator.com, regent-holidays.co.uk, tourradar.com և այլն: 

Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան

Այստեղից սկսվում է մեր գեղեցիկ և հնամյա քաղաքի պատմությունը: Թանգարանը գտնվում է Արին Բերդ բլրի վրա, որտեղ մ.թ.ա. 782-ին հիմնվել է ուրարտական Էրեբունի ամրոցը՝ Հռոմի հիմնումից երեք տասնամյակ առաջ:  Արգելոց - թանգարանում տեղ են գտել Արին բերդից, Կարմիր բլուրից և Շենգավիթից հայտնաբերված հնագույն գտածոները: Թանգարանը գործում է 1968 թ-ից և հանդիասանում է կարևոր և միակ ուրարտագիտական կենտրոնը ամբողջ տարածաշրջանում:

Մատենադարան

Դարեր շարունակ հայ ազգը պայքարել է իր ինքնության՝ աշխարհագրական ամբողջության, կրոնի և լեզվի  պահպանման համար: Շատերը կյանքի գնով են փրկել ձեռագիր մատյանները, որոնք այսօր գտնվում են Մատենադարանում: Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտը՝  Մատենադարանը, հիմնադրվել է 1959 թ-ին: Մատենադարանի մասին առաջին տեղեկությունները մեզ են հասել V դարից: Ըստ Ղազար Փարպեցու, Էջմիածնի կաթողիկոսությանը կից գործել է մի գրատուն, որտեղ պահվել են հայերեն ու հունարեն մատյաններ։ Մատենադարանի ձեռագիր հավաքածուն խոշորագույններից է աշխարհում: Պահոցներում կա 17 հազարից ավելի ձեռագիր, 450 հազարից ավելի արխիվային փաստաթուղթ, 3 հազարից ավելի հնատիպ գիրք: Այստեղ պահպանվում են թարգմանչական եզակի նմուշներ, որոնց մայրենի լեզվով բնագրերը չեն պահպանվել:

Հանրապետության հրապարակ

Հանրապետության հրապարակը Երևան քաղաքի ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի 1924-1936 թթ. նախագծած գլխավոր հատակագծի սիրտն է։ Այն աչքի է ընկնում յուրօրինակ ճարտարապետությամբ և աշխարհում հազվագյուտ հրապարակներից է, որն ունի չորս մուտք: Կառուցված է հայկական վարդագույն տուֆից, որը նրան անկրկնելի տեսք է հաղորդում: Այստեղ են գտնվում Արմենիա Մարիոթ հյուրանոցը, մի շարք վարչակառավարական շենքեր, Հայաստանի պետական պատկերասրահը և Երևանի պատմության թանգարանը: Երեկոյան հրապարակը արվեստի և ժամանցի կենտրոնի է վերածում նրա զարդը՝  երգող շատրվանները, որոնք անջնջելի հետք են թողնում յուրաքանչյուր զբոսաշրջիկի սրտում: Երգող շատրվանների ներքո վերանում են ժամանակային և մշակութային բոլոր սահմանները. ակամայից թափառում ես տարածության, գույների և ժամանակի մեջ՝ Վիվալդիից մինչև Խաչատրյան, Կոմիտասից մինչև Շուբերտ, Լևոն Մալխասյանից մինչև Սթիվի Ուանդեր:

Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը նվիրված է հայոց մեծ եղեռնի 1,5 միլիոն զոհերի հիշատակին: 1967 թ.- ից ի վեր ամեն տարի ապրիլի 24-ին մարդկանց բազմահազարանոց թափորը շարժվում է դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք: Գտնվելով բլրի վրա և առանձնանալով ընդհանուր բնապատկերից՝ հուշահամալիրը, միևնույն ժամանակ հիանալի ներդաշնակության մեջ է գտնվում շրջակայքի հետ, իսկ կառույցի պարզ ուրվագծերը փոխանցում են բնաջնջումից վերապրած ազգի ոգին: Այս ճարտարապետական կոթողը վառ հիշատակումն է առ այն, որ մոռացված եղեռնը բերում է նոր եղեռնների: Մեր քաղաքի գրեթե յուրաքանչյուր հյուր իր պարտքն է համարում  հարգանքի տուրք մատուցել մեծ ոճրի զոհերին:

Երևանի Կոնյակի Գործարան

Յուրաքանչյուր զբոսաշրջիկ մեկ գավաթ հայկական կոնյակ խմելու երազանքը իրականացնում է այստեղ: «Արարատ» ապրանքանիշի կոնյակը հայտնի է ամբողջ աշխարհում, քանի որ ինքը՝ հավայան սիգարների մեծ սիրահար և քմահաճ Չերչիլը, ամեն առավոտ հենց այս գործարանի կոնյակն էր վայելում: Երևանի Կոնյակի գործարանը 1887 թվականին կառուցել է վաճառական Ներսես Թահիրյանը` Հին Էրիվան ամրոցի վայրում: Հայկական կոնյակի մեծ ճանաչման ուղին սկսվում է 1913 թ-ին, երբ «Շուտով և որդիներ» ընկերությունը սկսեց մատակարարել իր արտադրանքը ռուսական կայսերական արքունիքին: Այս կոնյակի համային փնջում արտացոլված են մեր անուշահամ մրգերի բույրը և հայ վարպետների հմտությունը:

Կասկադ համալիր

Կասկադ համալիրը համարվում է Երևանի ամենաայցելված վայրերից մեկը: Նրա ստեղծման պատմությունը բավականին հագեցած է: Նախագիծը ստեղծվել է 1970 թ.-ին Թամանյանի մտահղացմամբ, ով ցանկանում էր միմյանց կապել քաղաքի կենտրոնական և հյուսիսային հատվածները: Սակայն այդ ժամանակ այն չիրականացվեց և հետագայում նախագծի կատարումը ստանձնեց ճարտարապետ Ջիմ Թորոսյանը, ով, ցավոք, այն կրկին ավարտին չհասցրեց Գյումրու երկրաշարժի և ԽՍՀՄ -ի փլուզման պատճառով: Կասկադի շինարարությունը ավարտին հասցվեց միայն 2002 թ.-ին բարերար Գաֆեսճյանի նախաձեռնությամբ:

Կասկադում տեղ է գտել Գաֆեսճյան արվեստի կենտրոնը, որտեղ ներկայացված է Ջերարդ Գաֆեսճյանի ժամանակակից արվեստի հարուստ հավաքածուն: Այն ներառում է ժամանակակից գեղարվեստական ապակեգործության, գեղանկարչության, գրաֆիկայի, քանդակագործության աշխարհահռչակ արվեստագետների արտակարգ նմուշներ: Այդ ցուցանմուշների շարքում են Ստանիսլավ Լիբենսկու, Յարոսլավա Բրիխտովայի, Ֆերնանդո Բոտերոի, Արշիլ Գորկու, Ջենիֆեր Բարթլեթի և այլոց աշխատանքները: Առանձին գործում են նաև ցուցասրահներ՝ «Խանջյան» սրահ, «Հատուկ միջոցառումների սրահ», «Երեք սուզորդների հարթակ» և «Սվարովսկի Բյուրեղյա պալատ» ցուցադրություն:

Հյուսիսային Պողոտա

Հյուսիսային պողոտան  առանձնանում է երևանյան գերիշխող կոլորիտից իր բացարձակապես նոր ճարտարապետական ոճով և շքեղությամբ: Այն նույնպես Թամանյանի նախագիծն էր, որ իրականացվեց բավականին ուշ: Ասում են՝ այն չափազանց տարբեր է իր նախագծային տեսքից, սակայն, միևնույնն է, հանդիսանում է երևանյան երիտասարդության և քաղաքի հյուրերի ամենասիրված վայրը: Այստեղ տիրում է ժամանակակից ոգի ամեն ասպարեզում՝ թե՛ պողոտայում տեղ գտած խանութների, հյուրանոցների և սրճարանների և թե՛ երիտասարդության զբաղմունքներում: Քայլելիս կարելի է հանդիպել մարդկանց տարբեր խմբերի, որոնք երգում են, պարում են, ներկայացում են դիտում կամ, ուղղակի, սրճարանում մի գավաթ սուրճ են վայելում:

Բասկետբոլ խաղացող փղերը

WEB 365 9/6/2016