Սառցե ծաղիկներ Արկտիկայից

Արկտիկայում գոյություն ունի չափազանց գեղեցիկ երևույթ՝ սառցե ծաղիկներ: Այսպես են գիտնականներն անվանում մի քանի սանտիմետր բարձրություն ունեցող բյուրեղները, որոնք ձևավորվում են սառույցի բարակ շերտի մակերեսի վրա: Ենթադրվում էր, որ սառցե ծաղիկները ձևավորվում են մի քանի եղանակով:

9/2/2016 1794 դիտում ID # 35658129
Բնություն
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

Առաջին եղանակն այն է, որ ջուրը գերխոնավեցած օդից կոնդենսացվում է սառույցի մակերեսի վրա բյուրեղների տեսքով: Ճիշտ այդպես է ձևավորվում նաև եղյամը:
Մյուս եղանակն այն է , որ աղի ջուրը բարձրանում է սառույցի ծակոտիների միջով, և մակերեսի վրա առաջանում են աղի բյուրեղներ: Քեմբրիջի համալսարանի տեսական երկրաֆիզիկայի ինստիտուտի պրոֆեսոր Գրեյ Ուորստերն ու նրա գործընկեր Ռոբերտ Սթայլը պարզեցին, որ ո´չ ջուրը, ո´չ աղը այստեղ կապ չունեն:

Կատարելով տեսական հաշվարկներ և ստուգելով դրանք լաբորատոր պայմաններում՝ նրանք եկան այն եզրակացության, որ սառցե ծաղիկների աճի համար անհրաժեշտ են սառույցի բարակ շերտ և սառույցի ու օդի ջերմաստիճանների մեծ տարբերություն. առնվազն՝ 20°С: Ուստի, տեսականորեն սառցե ծաղիկներ կարող են ձևավորվել նաև քաղցրահամ ջրերով ջրամբարներում:

Ինչպե՞ս է տեղի ունենում «ծաղկումը»

Ինչպես հիշեցնում է պրոֆեսոր Ուորստերը, ջուրը հաճախ կարող է սուբլիմանալ՝ գտնվելով նույնիսկ ոչ Հյուսիսային բևեռի պայմաններում: Իսկ եթե օդի ջերմաստիճանը ցածր է -20°С-ից և սառույցի մակերեսինը՝ մոտ 0°С, ապա սառույցի մակերեսին առընթեր ձևավորվում է ջրով գերհագեցած շերտ: Եվ այդ ջուրը, շփվելով սառը օդի հետ, կտրուկ սառչում է և կրկին կոնդենսացվում է սառույցի մակերեսի վրա, բայց արդեն բյուրեղների տեսքով: Որոշ ժամանակ անց սառույցի բյուրեղների վրա նստում են աղի աէրոզոլներ. այդ պատճառով սառցե ծաղիկներում աղի չափաբաժինը չորս անգամ ավելի մեծ է, քան ծովի ջրում:

Ցավոք, սառցե ծաղիկները երկար կյանք չունեն: Նրանք կարող են «աճել» միայն բարակ սառույցի մակերեսի վրա, քանի որ երբ սառույցի հաստությունն ավելանում է, մակերեսի վրայի ջերմաստիճանը հավասարվում է օդի ջերմաստիճանին, և ծաղիկներն անհետանում են:

Որտե՞ղ է թաքնված վտանգը

Պրոֆեսոր Ուորստերը կարծում է, որ իրենց հետազոտությունների արդյունքները կարող են օգնել կանխատեսել սառցե ծաղիկների ձևավորումը: Իսկ աշխատանքի հեղինակները գտնում են, որ այդ գործընթացը պարզապես անհրաժեշտ է պահել վերահսկողության տակ: Նրանց տվյալներով բնության այդ գեղեցիկ ստեղծագործություններն այնքան էլ անվնաս չեն, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից, այլ նույնիսկ վտանգավոր:

Նրանք արտադրում են մեծ քանակությամբ բրոմի միացություններ, որոնք, ըստ գիտնականների, կարող են քայքայել մեր մոլորակի օզոնային շերտը: Սակայն պետք է հաշվի առնել, որ Արկտիկայում սկսում են ավելանալ միամյա սառույցները: Եվ քանի որ սառցե ծաղիկները ձևավորվում են հենց երիտասարդ միամյա սառույցի վրա, ապա իմաստ ունի ստուգել այս սպառնալիքը:

Մեդուզաների լիճ

WEB 365 8/24/2016