Վիետնամ. Վիշապների և փերիների երկիր

8/21/2016 1331 դիտում ID # 51358910
Տուրիզմ
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

Վիետնամում՝ ավազոտ լողափերի (մոտ 3 000 կմ) կողքին, կարելի է տեսնել բարձր ժայռեր, սոճիներով արևադարձային անտառներ, լեռներով տափաստաններ, որտեղ կան բրնձի դաշտեր: Համաձայն երկրի ստեղծման հնագույն լեգենդի՝ Վիետնամը ստեղծվել է վիշապների և թռչող փերիների կողմից: Երկրում կան գրեթե 30 ազգային պարկեր, որոնցից ամենահայտնին համարվում է Հալոնգ ծովածոցը, որը կազմված է 3000 փոքրիկ կղզիներից, քարանձավներից և յուրօրինակ ժայռերից: Հարավ-չինական ծովը հարուստ է կորալային խութերով, հեքիաթային գույների ձկներով, իսկ կղզիներում կան մարգարիտի պլանտացիաներ և կրիաների ֆերմաներ:

Վիետնամի պատմությունն ամբողջապես կազմում են անկախության համար տարված պատերազմները: Պահպանվել են բազմաթիվ հուշարձաններ, որոնք խորհրդանշում են վիետնամացու անկոտրում հոգին: Այդ հուշարձաններից են չինական և մոնղոլական արշավանքների ժամանակներից պահպանված ամրոցները և Կու Չիի ստորգետնյա քաղաքները, որտեղ թաքնվել են վիետնամական պարտիզանները, և չեն կարողացել մուտք գործել ամերիկյան բարձրահասակ զինվորները: Այդ թունելները փորվել են ձեռքով՝ առանց որևէ տեխնիկայի կիրառման, 40-ական թվականներին ֆրանսիացիների հետ տարվող պատերազմի տարիներին, իսկ 60-ական թվականներին ստորգետնյա քաղաքների համակարգը զգալի ընդլայնել են: Կու Չիի որոշ մակարդակներում ստեղծվել են բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքները՝ բնակելի տարածքները, ճաշասենյակները, խոհանոցը և օդափոխման համակարգը, հիվանդանոցները, զենքերի արհեստանոցները, աշխատակազմի համար նախատեսված բունկերները, պահեստային մուտքերի համակարգը և թակարդների արսենալը: Վիետնամցիները համարվում են եղբայրական ժողովուրդ նախկին ԽՍՀՄ երկրների բոլոր զբոսաշրջիկների համար: Բազմաթիվ վիետնամցիներ սովորել և աշխատել են ՌՍՖՍՀ տարածքում, և մինչ օրս Վիետնամում կարելի է զգալ նախկին սովետական շունչը:

Վիետնամի մայրաքաղաք Հանոյում գտնվում է Հո Շի Մինի՝ կոմունիստական Վիետնամի մեծագույն առաջնորդի դամբարանը՝ Հանոյին հատուկ է վիետնամաֆրանսիական կոլորիտը: Ֆրանսիացի գաղութարարներն այնտեղ կառուցել են գաղութային ոճի բազմաթիվ շինություններ, իսկ վիետնամցիները կառուցել են պագոդներ, ամրոցներ, Գրականության տաճարը և գյուղական ոճի փոքրիկ ռեստորաններ: Հանոյի Հին թաղամասի կենտրոնում գտնվում է «Վերադարձված սրի լիճը»: Համաձայն լեգենդի՝ 15-րդ դարի ազատագրական շարժման առաջնորդ Լե Լոյին օգնել է կրիան, որը նրան է հանձնել կախարդական սուրը: Լե Լոյի հաղթանակի պատվին լճի ափերին կառուցվել են Նգոկ Սոն պագոդը և Կրիայի աշտարակը: Երեկոյան լճի վրա ներկայացվում է տիկնիկային թատրոն, իսկ լիճը լուսավորվում է ջահերով և մոմերով:

Մեդուզաների լիճ

WEB 365 8/24/2016